Ադրբեջանական «1news.az» պարբերականը շարունակում է պտտեցնել մի շարք հասարակական կազմակերպությունների՝ ԱՄՆ նախագահին ուղղված հակահայկական նամակի վերաբերյալ հնարովի սյուժեն: Այսօր պարբերականը ներկայացրել է Լոս-Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովի մեկնաբանությունները՝ կասկածներ առաջացնելով, թե ով է իրականում կանգնած այդ անգրագետ տեղեկատվական արկածախնդրության ետեւում:
Մասնավորապես ադրբեջանցի դիվանագետը դրական է գնահատել «Բարաք Օբամային ադրբեջանական, թուրքական եւ հրեական սփյուռքի կազմակերպությունների կողմից համատեղ պաշտոնական դիմումի փաստը»: Ակնհայտ է, որ Սուլեյմանովի ելույթը այդ ուղերձի հրապարակումից որոշ ժամանակ անց հաշվարկված քայլ է, որը, ադրբեջանցի մեդիա-տեխնոլոգների կարծիքով, պետք է նպաստի հորինված «հրեական կազմակերպությունների»՝ Օբամային հղած ուղերձի արդյունավետությանը:
Մինչդեռ, ինչպես նախօրեին արդեն հայտնել է NEWS.am-ը, փաստաթղթի տակ ստորագրածների շարքում չկա որեւէ իրական հրեական կազմակերպություն:
Միակ հանգամանքը, որ պետք է այդ ակցիային հրեական աջակցության պատրանք ստեղծի, դա ուղերձում նշված ինչ-որ Կովկասի հրեաների մշակութային կենտրոնի մասին հիշատակումն է: Համենայն դեպս, այլ կազմակերպություններ, որոնց անվանումը կարող էր հուշել դրանց հրեական պատկանելությունը, ցանկում նշված չէ: Ինչպես նախօրեին հայտնել է Հայաստանի հասարակական ոլորտի՝ Հարավային Կովկասի, այդ թվում՝ Ադրբեջանի հասարակական կազմակերությունների հետ սերտ շփումներ ունեցող ներկայացուցիչներից մեկը, Կովկասի հրեաների մշակութային կենտրոնը տեղակայված է Բաքվում եւ եւ ընդգրկում է Ադրբեջանի մայրաքաղաքի ընդամենը մոտ մեկ տասնյակ բնակիչների՝ հրեաների կամ խառնածին՝ հրեա-ադրբեջանցիների:
«Օբամային ուղղված նամակը մաքուր տեղեկատվական բլեֆ է: Հրեական ոչ մի կազմակերպություն դա չի ստորագրել: Հրեաները, առավել եւս այդ համայնքի ազդեցիկ ներկայացուցչներն իրենց հարցերն ունեն Օբամային: Իսկ Ադրբեջանը տանը կառույցներ է բուծել, որ օգտագործի Իսրայելի անունը, հանդես գա հրեա ժողովրդի անունից՝ սեփական նպատակներին հասնելու համար»,- նշել էր գործակալության զրուցակիցը:
Ակնհայտ է, որ Էլինա Սուլեյմանովը, որ ինքնամոռաց մեկնաբանել է այդ փուչ եւ վատ մտածված հակահայկական ակցիան, հանդիսանում է դրա նախաձեռնողներից մեկը: Ավելին, ակնհայտ է, որ մի քաղաքում, որտեղ Ադրբեջանի հետաքրքրությունները սահմանափակվում են բացառապես հակահայկական քարոզչությամբ, ադրբեջանական հյուպատոսը պիտի միայն նման դատարկություններ մտածի ու նախաձեռնի:




























