Կոտայքի մարզի Առինջ գյուղում 2012թ. ամուսնու տանը մահացած 21-ամյա Մարո Գուլոյանի գործով փաստաբան Լուսինե Մինասյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանը տարածել է հաղորդագրություն:

«21-ամյա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանությունից անցել է արդեն 2 տարի, բայց գործով ճշմարտությունն այդպես էլ մնացել է չբացահայտված: Ս/թ հուլիսի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանից ստացված որոշումը, որով վճռաբեկ բողոքը վերադարձվել էր,  Մարոյի մահվան մութ պատմությունը բացահայտելու եւ արդարությունը վերականգնելու վերջին ներպետական հնարավորությունն էր: Ըստ Վճռաբեկ դատարանի՝  տվյալ գործով օրենքի միաստեսակ կիրառության հարցում դատարանի որոշման էական նշանակություն ունենալու, ինչպես նաեւ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված առերեւույթ դատական սխալի  վերաբերյալ եզրահանգումներ անելու հիմքեր չկան:  Չնսեմացնելով Վճռաբեկ դատարանի դերակատարությունը օրենքի պահպանության հարցում՝ տուժողի իրավահաջորդը, այնուամենայնիվ, բացարձակ համաձայն չէ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ եւ պատրաստվում է արդարություն եւ իրավունքների պաշտպանություն հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: Մարո Գուլոյանի գործով թույլ տրված սխալները խախտել են ոչ միայն ներպետական, այլ նաեւ Եվրոպական Կոնվենցիայի դրույթների եւ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների պահանջները»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում Մարո Գուլոյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան էր եղել: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Գործով նախաքննությունն իրականացվել էր ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի  մարզի քննչական բաժանմունքում, որը 2013թ. ապրիլի 22-ին որոշում էր կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառով: Հունիսի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ, գործի քննությունը վերաբացվել էր, իսկ վերաբացված գործով քննությունը Քննչական գլխավոր վարչության կողմից հանձնարարվել էր Նոր Նորքի քննչական բաժնին: Վերջինիս կողմից 2013թ. նոյեմբերի 20–ին կայացվել էր գործի վարույթը կարճելու մասին 2-րդ որոշումը: