NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վրացի լրագրող Մայա Էդիլաշվիլիի հոդվածը, որը հրապարակվել է «Transitions Online» օնլայն-ամսարգրում: 

Հունիսի 27-ը Վրաստանին ոչ միայն ավելի սերտ հարաբերություններ բերեց Եվրոպական միության հետ, այլ նաեւ նրան, որ այդ օրը համաձայնության եկան երկրի առավել տարանջատված քաղաքական կուսակցությունները: Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչներն ու կողմնակիցները, դրա հակառակորդ «Միացյալ ազգային շարժում»   կուսակցությունը համաձայնություն եկան, որ Բրյուսելի հետ քաղաքական եւ առեւտրաան համաձայնության ստորագրումը շատ կարեւոր էր Վրաստանի համար, հնարավոր է, դա ամենակարեւոր օրն էր Վրաստանի պատմության մեջ 1991թ.-ից ի վեր: Քաղաքական այլ խմբերի մեծամասնությունը նույն կերպ էր տրամադրված:

Որքան էլ խլացուցիչ չլինեին այդ տրամադրությունները, դրանք միաձայն էին: Թբիլիսիում գտնվող «Եվրասիական ընտրությունը» կոալիցիայի առաջնորդ Արչլի Չկոիձեն ամենեւին էլ տպավորված չէ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմամբ: Նա ընտրեց հունիսի 27-ը, որպեսզի հայտարարի առաջիկա մի շարք միջոցառումների մասին, որոնք իր խումբը մռադիր է անցկացնել սեպտեմբերին, այդ թվում նաեւ «մեծ հակաարեւմտյան հանրահավաքը»: «Եվրասիական ընտրությունը» պնդելու է այն տեսակետը, որ եթե Վրաստանը հույս ունի վերադարձնել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անջատված տարածքները, ապա ավելի լավ կլինի հրաժարվել ԵՄ-ից եւ ՆԱՏՕ-ից, «որտեղ մեզ առհասարակ չեն ընդունի», ինչպես պնդում է Չկոիձեն, եւ դրա փոխարեն միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Հնարավոր է, որ հունիսի 27-ին նա հարաբերականորեն միայնակ էր, սակայն ոչ միանգամայն: Վրացական քաղաքական շրջանակների համար, այդ թվում նաեւ «Վրացական երազանքի» ու «Միացյալ ազգային շարժման» համար այլընտրանք համարվող քաղաքական կուսակցությունների համար, լավագույն Վրաստանի ուղին կապված է Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի հետ:

Թեեւ շատ արեւմտամետ վերլուծաբանները ենթադրում են, որ Ռուսաստանը հովանավորում է Վրաստանի մոսկվամետ ուժերին, ռուսամետ խմբերի մեծամասնությունը վեբ-կայքեր չունի, ինչի հետեւանքով դժվար է հետեւել դրանց գործունեությանը, անդամակցությանն ու աջակցության աղբյուրներին: Բացառություն է կազմում Իրակլի Երկրորդի համայնքը: Նրա կայքի համաձայն՝ համայնքի նպատակն է «ռուսական մշակույթի եւ արվեստի տարածումը», ռուս-վրացական քաղաքական կուսակցությունների միջեւ երկխոսության հաստատումը: Համայնքը ռուսաց լեզվի վեցամսյա անվճար կուրսեր է անցկացնում «Ռուսական աշխարհ» հիմնադրամի հետ համագործակցությամբ, որը ծրագրին տարեկան 10 հազար դոլար է տրամադրում:

Ռուսամետ գործունեության ալիքը եւ կառավարության վրա դրա ազդեցության հնարավորությունն արդեն «Միացյալ ազգային շարժման» որոշ անդամների տագնապն է առաջացրել: Իսկ կառավարական պաշտոնյաներն էլ նվազեցնում են ռուսամետ ալիքի ցանկացած սպառնալիք:

Հաշտեցման  եւ քաղաքացիական հավասարության պետական նախարարության միջազգային հարաբերությունների բաժնի պետ Նոդար Թանգիաշվիլին չի բացառում Կրեմլի խաղը ռուսամետ վրացիների «թեկուզ փոքր, բայց ակտիվ խումբ» մոբիլիզացնելու նպատակով՝ տնտեսական գործիքների եը ավանդական արժեքների օգնությամբ, սակայն հասարակական լուրջ փոփոխությունների տեղաշարժ այն չի անկնկալում: