«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ընկերության նախաձեռնությամբ եւ ԼՂՀ Կառավարության աջակցությամբ` Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցները եւ Ապահովագրողների Ասոցիացիան 2010թ հունիսի 11-ից 13-ը Ստեփանակերտում կազմակերպում են ՀՀ ապահովագրողների արտագնա համաժողով:

Լեռնային Ղարաբաղի զարգացող տնտեսությունը առաջացրել է ապահովագրական ծառայությունների պահանջարկի աճ եւ այդ ծառայությունների մատուցման կանոնակարգման անհրաժեշտության հանգամանքը նախադրյալ է հանդիսացել համաժողով կազմակերպելու համար:

Համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն հնարավորինս լայն քննարկումների միջոցով ի մի բերել Ղարաբաղում մատուցվող ապահովագրական ծառայությունների ներկայիս վիճակը, եւ Ղարաբաղի պետական կառավարման մարմինների եւ կորպորատիվ ապահովադիրների հետ համատեղ ուղիներ մշակել ինչպես ապահովագրական ծառայությունների ընդլայնման, այնպես էլ այդ ծառայությունների արդիականացման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ համաժողովին կմասնակցեն ինը ապահովագրական եւ մեկ ապահովագրական բրոքերային ընկերություններ. ՀՀ Կենտրոնական Բանկը ներկայացնելու է ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը:

Համաժողովի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներում ընդգրկված են ԼՂՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ կորպորատիվ ապահովադիրներ:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահի եւ վարչապետի հետ: