Միացյալ Նահանգները խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Սահմանափակումները վերաբերում են մի շարք խոշոր բանկերի, ինչպես նաեւ էներգետիկ եւ պաշտպանական կորպորացիաների, ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Այս մասին ասված է ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում:
Ըստ «Лента.ру»-ի, պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում են Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեւերովը, ՌԴ նախագահի օգնական Իգոր Շչեգոլեւը, Ղրիմի հարցերով դաշնային նախարար Օլեգ Սավելեւը, ԱԴԾ գեներալ-գնդապետ Սերգեյ Բեսեդան, ինչպես նաեւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:
Իսկ կազմակերպություններից սահմանափակումների ենթարկվածների ցուցակում հայտնվել են «Նովաթեք», «Ռոսնեֆթ» ընկերությունները, Վնեշտորգբանկն ու Գազպրոմբանկը, «Ալմազ-Ալթայ» կորպորացիան, «Կալաշնիկով» կոնցեռնը, «Իժմաշ», «Բազալտ», «Ուրալվագոն» գործարանները:
Նոր պատժամիջոցները համակարգվել են Եվրամիության հետ: Ըստ РИА Новости-ի, այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Բարաք Օբաման չորեքշաբթի պատժամիջոցների կիրառման հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուս Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:




























