Իսրայելը համաձայնությամբ է պատասխանել Մերձավոր Արեւելքի հարցով հատուկ համակարգող Ռոբերտ Սերրիի հարցմանը: Այն վերաբերում է Գազայի հատվածում մի քանի ժամ մարդասիրական հրադադար հայտարարելուն՝ պաղեստինյան ափամերձ անկլավներին օգնություն հասցնելու նպատակով:

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը գործելու է հինգշաբթի 09:00-ից եւ տեւելու է 5 ժամ: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սերրին Իսրայելին խնդրել էր հրադադար հաստատել 6 ժամով: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Պաղեստինյան բժշկական ծառայությունների տվյալներով, Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների արդյունքում չորեքշաբթի 15 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 5 երեխա: Ընդհանուր առմամբ, հուլիսի 8-ից ի վեր, երբ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, շուրջ 220 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 1.500-ը վիրավոր են: