Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր՝ հուլիսի 17-ին, դառնում է 60 տարեկան: Հոբելյանին շուրջ հազար մարդ է հրավիրվել:

Իսկական ծննդյան տարեդարձի փոխարեն հյուրերին հրավիրել են «Բեռլինյան զրույցի». պատմական գիտությունների պրոֆեսոր Յուրգեն Օստերհամմելի՝ «Անցյալ. Պատմության ժամանակավոր հորիզոնների մասին» թեմայով զեկույցին: Լրատվամիջոցների փոխանցմամբ, հրավերի ներքեւում նշվում է, որ քննարկումից հետո կայանալիք ընդունելության ընթացքում բոլոր ցանկացողները կարող են Անգելա Մերկելին շնորհավորել տարեդարձի առիթով:

Ըստ РИА Новости-ի, «Բեռլինյան զրույցը» կայանալու է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության գրասենյակում՝ Բեռլինի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի շենքում:

Մասնագիտությամբ ֆիզիկոս Անգելա Դորոտեա Կասները, ամուսնությունից հետո՝ Մերկելը, Գերմանիան ղեկավարում է 2005 թվականից: