Եվրամիության գագաթաժողովը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը: Այս մասին ասված է գագաթաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթում:
Եվրամիության առաջնորդները Եվրահանձնաժողովին հանձնարարել են մինչեւ հուլիսի վերջ պատրաստել Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար սեւ ցուցակի ընդլայնումը, որում կներառվեն ռուսական եւ ուկրաինական կազմակերպություններն եւ ֆիզիկական անձինք, որոնք «աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարող գործողություններին»:
«Եվրոպայի խորհուրդը Եվրոպական ներդրումային բանկին հանձնարարել է դադարեցնել Ռուսաստանի հետ ֆինանսական նոր գործարքների ստորագրումը: ԵՄ անդամ երկրները նաեւ համակարգելու են իրենց դիրքորոշումը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդում՝ նպատակով ունենալով սառեցնել նաեւ այդ կառույցի կողմից նոր գործարքների կնքումը»,- նշվում է փաստաթղթում: Ըստ ИТАР-ТАСС-ի, գործող բոլոր նախագծերի իրականացումը շարունակվելու է:
Բացի այդ, գագաթաժողովը որոշել է վերանայել Եվրամիության բյուջեից Ռուսաստանի աջակցության բոլոր ծրագրերի ֆինանսավորման հարցը, սակայն նախագծերը, որոնք կապված են բացառապես սահմանային համագործակցության կամ քաղաքացիական հասարակության օժանդակության հետ, շարունակվելու են:
Գագաթաժողովը Եվրահանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությանը հանձնարարել է նաեւ առաջարկություն ներկայացնել Ղրիմի տնտեսությունում ցանկացած տեսակի ներդրումներն արգելափակելու համար:
Եվրամիության գագաթաժողովը հանդես է եկել «ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման» օգտին եւ «անհապաղ հրադադարի» կոչ արել: Գագաթաժողովը սատարել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի քառակողմ խորհրդակցություններին եւ հուլիսի 2-ի բեռլինյան դեկլարացիային:





























