Ստոքհոլմի դատարանը մերժել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանների միջնորդությունը, որով վերջինները պահանջում էին չեղյալ հայտարարել հարկադրաբար Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը բնակվող հայտնի ակտիվիստի ձերբակալության որոշումը: Դատարանը վճռել է, որ հանցագործությունները, որոնցում մեղադրվում է Wikileaks-ի հիմնադիրը, չափազանց լուրջ են՝ դրանք անուշադրության մատնելու համար: Բացի այդ, դատարանը համարում է, որ Ասանժը կարող է փորձել թաքնվել արդարադատությունից:
The Guardian-ի փոխանցմամբ, Ասանժի պաշտպանները հայտարարել են, որ վճիռը բողոքարկելու են բարձրագույն դատական ատյանում:
Դատարանի դրական որոշման դեպքում Ասանժը կարող էր խուսափել Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են Շվեդիայի քաղաքացի երկու կանանց հանդեպ սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ: Հարկ է նկատել, որ նրան պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, քանի որ, շվեդական օրենսդրության համաձայն, այդ հնարավոր է անել միայն կասկածյալին հարցաքննելուց հետո:
Այդ պատճառով էլ փաստաբաններ Թոմաս Ուլսոնն ու Պեր Սամուելսը որոշել էին միջնորդել կալանքը հանելու մասին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, 4 տարվա ընթացքում Ասանժին այդպես էլ չեն կարողացել հարցաքննել:





























