ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մոսկվան քայլեր չի ձեռնարկել Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար: Սպիտակ Տան ղեկավարը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցները:

«Այսօր ես հաստատեցի պատժամիջոցների հերթական փուլը Ռուսաստանի որոշ խոշոր ընկերությունների եւ ֆինանսական ինստիտուտների նկատմամբ»,-հայտնել է Օբաման՝ կոչ անելով Մոսկվային, մասնավորապես, ազդել ռուսամետ ակտիվիստների վրա՝ պատանդներին ազատ արձակելու եւ կրակի դադարեցման հարցում, ինչպես նաեւ աջակցել խնդրի կարգավորման միջազգային ջանքերին:

Օբամայի խոսքով՝ «մենք տեսանք, որ Ռուսաստանը կարգավորմանն ուղղված ոչ մի քայլ չի ձեռնարկել»: «Մենք սպասում ենք, որ ռուսական պետությունը կհասկանա, որ գործողություններն Ուկրաինայում հետեւանքներ ունեն, այդ թվում տնտեսության թուլացում եւ քաղաքական մեկուսացման ուժգնացում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Նա հավելել է, որ Վաշինգթոնը քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի նկատմամբ՝ սերտ համակարգված աշխատելով իր դաշնակիցների հետ: