«168 ժամ» թերթը գրում է. «Համաշխարհային ճանաչում ունեցող դեղագործական «ԱստրաԶենեկա» ընկերությունը, որ տարիներ շարունակ աշխատում էր նաեւ հայկական շուկայում, մի քանի ամիս առաջ փակել է ներկայացուցչությունն ու հեռացել Հայաստանից: Դեղ արտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը «168 ժամին» ասաց, որ «ԱստրաԶենեկա»-ի նման որոշման պատճառը ՀՀ-ում վարվող մարքեթինգային քաղաքականությունն է, որ հաճախակի փոփոխվում է ու չի համապատասխանում միջազգային չափանիշներին. «Համաշխարհային լավագույն կազմակերպություններից մեկը համարվող այս ընկերությունն ուղղակի պահանջեց կանգնեցնել իր արտադրանքի գրանցումը ՀՀ-ումը, թեեւ արդեն գրանցված էր, ուղղակի հրաժարվեց այստեղ շարունակել ինչ-որ բան վաճառել ու հեռացավ»: Ըստ նրա՝ դեղերի ոլորտը, բացի բիզնես լինելուց, առաջին հերթին ռազմավարական նշանակություն ունի պատերազմական վիճակում գտնվող երկրի համար, իսկ անկանխատեսելիությունը, օրենքների հաճախակի փոփոխությունները ու երկրի նման պահվածքը ռիսկայնության տակ է դնում ներմուծող տնտեսվարողներին, որոնք մեծ դժվարությամբ են ինչ-որ խոշոր կազմակերպությունների համոզում Հայաստան դեղամիջոց ուղարկել:
Միջազգային նորարարական «ԱստրաԶենեկա» ընկերությունը մտնում է աշխարհի լավագույն հնգյակի մեջ եւ առաջատար է այնպիսի ոլորտներում, ինչպես կարդիոլոգիան, պուլմոնոլոգիան, օնկոլոգիան եւ այլն: Ընկերությունը գործում է ավելի քան 100 երկրներում: «ԱստրաԶենեկա» ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի, Ստոկհոլմի, Նյու Յորքի բորսաներում: Այն մտնում է ամենակայուն ընկերությունների առաջին 6 տոկոսի մեջ՝ ըստ միջազգային եւ եվրոպական չափանիշների, այդ թվում՝ Dow Jones-ի գործակցով»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























