Google Earth ծառայությունը պատահաբար հայտնաբերել է գերգաղտնի ստորգետնյա «Տանգո» հրամանատարական պահակետը, որը նախատեսված է պատերազմի դեպքում ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միացյալ ուժերի հրամանատարական կազմը տեղակայելու համար:
Սեուլի արեւելյան Սոնամե արվարձանում Google Earth-ի օրերս ներկայացրած լուսանկարներում հստակ նշված է գաղտնի բունկերը՝ «Տանգո» անվանմամբ:
Նաեւ դրված է «Վիքիփեդիայի» համապատասխան տեղեկատվական հոդվածի հղումը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Տեղացի մի քանի ակտիվիստներ պատճենել են լուսանկարները՝ համապատասխան մեկնաբանություններով հանդերձ, ինչը սկանդալի առիթ է դարձել: Նկարներում լավ տեսանելի է ամբողջ համալիրի կառուցվածքը, նաեւ՝ պահակետերը եւ ուղղաթիռների վայրէջքային երկու թռիչքուղիները:
Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչները արդեն իրենց խոր վրդովմունքն են հայտնել՝ խոստանալով գործադրել բոլոր ջանքերը եւ հեռացնել տալ կադրերը:





























