Կառավարությունը մանկատան երեխաներին կօգնի վերադառնալ ընտանիք: Պետական գործող ծրագրի ընդլայնման նախագիծը ՀՀ կառավարության  հուլիսի 17-ի նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նշենք, Հայաստանի մանկատների սաների մոտ 90%-ը ծնողներ ունեցող սոցիալական որբեր են: Որպես կանոն նրանք մանկատանը հայտնվում են ծնողների դիմումի համաձայն կամ պետության որոշմամբ՝ նրանց անապահով ընտանիքներից  հեռացնելու համար:

Ծրագիրը Լոռիում անցկացվում է 2006թ.-ից: Ծրագրի շրջանակում մանկատներից ընտանիքներ է վերադարձել մոտ 300 երեխա:

Ելնելով ծրագրի կարեւորությունից՝ Կառավարությունն այն սկսում է նաեւ Շիրակի մարզում, որը ամենաաղքատ մարզերից է: 2012թ. վիճակագրությամբ՝ աղքատության մակարդակը մարզում կազմել էր 47,7%՝ հանրապետության միջին 35%-ի պարագայում:

Ծրագիրը կներառի ինչպես սոցիալ-հոգեբանական աջակցություն, այնպես էլ երեխաների կրթության կազմակերպում (միջնակարգ, միջնակարգ մասնագիտական, մասնագիտական) եւ նրանց ընտանիքների անդամներին աշխատանքի տեղավորման հարցում աջակցություն:

Ինչպես եւ Լոռիում, այնտեղ եւս ծրագիրը կիրականացնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր ունեցող ՀԿ-ն: