ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ-ն «Ռոսռեեստր» ԲԲԸ-ից ծանուցում է ստացել «Բաշնեֆտ» ԲԲԸ-ի անձնական հաշիվներից դուրսգրումների արգելքի մասին: «Սիստեմայի» հաղորդագրությունում ասվում է, որ արգելքը սահմանափակում է «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի հետ գործարքները, բայց չի սահմանափակում ընկերության մասնակցությունը քվեարկություններին, շահաբաժնի ստացմանը եւ բաժնետոմսեր ունենալու հետ կապված այլ իրավունքները: «Բաշնեֆտ»-ում իրավիճակը չեն մեկնաբանում:

Rbc-ն հայտնում է, որ «Սիստեմային»  պատկանող «Բաշնեֆտ»-ի 71,8 տոկոս բաժնետոմսերը կալանքի տակ են առնվել Մոսկվայի Բասմանի դատարանի կողմից՝ Քննչական կոմիտեի միջնորդությամբ: Քննությունը հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանին կասկածում է խարդախությունների մեջ՝ նշելով, որ նա  2008թ. կարող էր մասնակցած լինել բաշկիրական նավթային ընկերությունը «Սիստեմային» վաճառելու գործարքին:

«Ռոսբալտը», վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, հայտնում է, որ Լեւոն Հայրապետյանին կասկածում են ՌԴ ՔՕ 160 (փողերի յուրացում) եւ 174 (ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու) հոդվածներով նախատեսված հանցագործություններում: Ըստ քննության վարկածի՝ հանցագործությունները կատարվել էին 2008թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճաքի ժամանակ: Ենթադրում են, որ Հայրապետյանը չհիմնավորված խոշոր տոկոս է ստացել գործարքից:

«Կոմերսանտը» հայտնում է, որ «Բաշնեֆտ»-ի թղթերը կարող են անորոշ ժամկետով սառեցնել, ինչը վտանգում է աշնանը նախատեսված SPO-ն: