«Ռոսնեֆթի» եւ «Գազպրոմբանկի» նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են ազդել Հայաստանի վրա: Այդ մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից վերջերս արված հայտարարությունը: «Կարծում եմ, որ այդ պատժամիջոցները մեզ վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ», - նկատեց նախարարը: Ճշմարիտյանը չպատասխանեց հարցին՝ կարո՞ղ է արդյոք դա հետաձգել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը:
Հիշեցնենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ը Հայաստանում ունի դուստր բանկ՝ «Առէքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ: Վերջինիս ակտիվները տվյալ պահին կազմում են 140,2 մլրդ դրամ (մոտ 344 մլն դոլար): «Ռոսնեֆթ» ԲԲԸ-ը մի քանի ամիս առաջ հայտարարել էր հայկական «Նաիրիտ» ՓԲԸ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունների հետազոտման մասին (ԽՍՀՄ-ում միակ կուչուկ արտադրող ընկերությունը):
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կկիրառի նաեւ «Վնեշէկոնոմբանկի», «Կալաշնիկով կոնցեռնի» եւ մի շարք այլ ձեռնարկությունների նկատմամբ: Պատժամիջոցները սահմանափակում են ձեռնարկությունների հետ աշխատելու հնարավորությունը, սակայն ամբողջությամբ չեն արգելում (սահմանափակումները վերաբերում են 90 օր եւ ավելի ժամկետով գործարքներին ու ֆինանսական պարտքային պարտավորություններին):




























