Հայաստանում խորքային հորերից ոռոգումն անհրաժեշտություն է: Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նա կոչ արեց անառողջ հետաքրքրասիրություն չցուցաբերել այս հարցի շուրջ եւ իրավիճակը չբարդացնել ավելի, քան այն կա: Նախարարը նկատի ուներ վերջին տարիներին Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի նվազումը:
«Սեւանից, ինչպես գիտեք, ոռոգման նպատակով ջուր վերցվում է, սակայն կան հատվածներ, որտեղ այն չի հասնում: Եվ այդ հատվածներում, բնականաբար, օգտագործվում են խորքային հորերը»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը հայտարարել էր, որ 2014 թվականին պետությունը 1 մլրդ դրամ (շուրջ 2.45 մլն դոլար) է հատկացնելու Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերը դուրս մղելու համար՝ Սեւանից ոռոգման նպատակով վերցվող ջրի ծավալները կրճատելու նպատակով: Պատճառը երաշտային տարին է, ինչի հետեւանքով ընթացիկ տարում Սեւանից նույնպես ոռոգման նպատակով վերցվող ջրի ծավալները 1.6 անգամ աճել են (մինչեւ 270 մլն խ.մ.):




























