Դեղերի տուփերի վրայի հարկային դրոշմակնիքները չպետք է ծածկեն պիտանիության ժամկետը, հուլիսի 17-ին լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է հետեւել նաեւ, որ դրոշմակնքելիս չխախտվի  դեղերի պահպանման ջերմային ռեժիմը:

«Տեխնիկական հարցերը հարկավոր է լուծել, բայց դրոշմակնիքներն անհրաժեշտ են, քանի որ  ուժեղացնում են վերահսկողությունը դեղերի շրջանառության եւ հարկերի նկատմամբ, որոնք վճարում են արտադրողները, ներկրողները եւ իրացնող ընկերությունները»,- ասել է  Մուրադյանը:

Նշենք, նախորդ տարվանից դրոշմակնիքները պարտադիր էին դարձել գարեջրի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների համար, այս տարվանից ցուցակը ընդլայնվել էր՝ ներառելով մի շարք մթերատեսակներ եւ կոսմետիկա: Այժմ նախատեսվում է դրանք կիրառել նաեւ դեղերի համար: Դրոշմակնքման նպատակն ապրանքի նույնականացումն է եւ շուկայում դրա իրացման նկատմամբ վերահսկողությունը՝ ստվերը կրճատելու նպատակով: