2014թ. երրորդ եռամսյակում Հայաստանի բնապահպանության նախարարությունը եւս 40 արտեզյան ջրհոր կփակի: Այս մասին հուլիսի 17-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նրա խոսքով, Արարատյան դաշտավայրում (Արարատի եւ Արմավիրի մարզեր) ապօրինի հորերի փակումը չափազանց կարեւոր է, քանի որ կկանխի ոչ միայն ջրի չհաշվառված կորուստները, այլեւ բաց հորերի միջոցով կենցաղային եւ այլ թափոններով ստորգետնյա ջրերի աղտոտումը:

«Աղտոտումն այնքանով է վտանգավոր, որ վերացվում է տասնամյակների ընթացքում»,- պարզաբանեց նախարարը: Նա նաեւ հավելեց, որ հորերը, որոնց շահագործումը հիմնավորված չէ, կոնսերվացվելու են, իսկ շահագործման ոչ ենթակա հորերն անմիջապես փակվելու են:

Նման քաղաքականության պատճառն Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ռեսուրսների պահպանման անհրաժեշտությունն է: «Հորերը շարունակելու են փակվել նաեւ հետագայում: Նախարարությունն առայժմ չի որոշել, թե մինչեւ տարեվերջ քանիսն է հարկավոր փակել»,- հավելեց Արամայիս Գրիգորյանը: