Ստամբուլի Քումքափը թաղամասին կից ծովափին հունիսի 14-ի գիշերը սպանված հայաստանցի Համբարձում Հարությունյանի գործով դեռ նորություն չկա. սպանության մեջ մեղադրվող Գյումրիի բնակիչ, 28-ամյա Ստեփան Կասաբյանին դեռ չեն գտել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Համբարձումի կինը՝ Քրիստինե Մամիկոնյանը:

«Մի շաբաթից արդեն ամուսնուս քառասունքն է լրանում, բայց ոչ մի նորություն չունենք, ոչինչ չեն ասում մեզ: Կսպասեմ մինչեւ հուլիսի 25-ը, որից հետո արդեն կդիմեմ Հայաստանի ոստիկանություն, որովհետեւ այսպես չի կարող լինել, անհնար է, որ այդ մարդասպանին չգտնեն, ամեն դեպքում համոզված ենք, որ ինքը Թուրքիայում է»,- ասաց նա:

Քրիստինեի խոսքով՝ իրենք պարզել են, որ 28-ամյա Ստեփան Կասաբյանի հարազատներն ապրում են Գյումրիում, նույնիսկ տան հասցեն են գտել:

«Գիտենք նաեւ, որ հիմա էդ տղան քրոջ մոտ է թաքնվում, մենք նույնիսկ չգիտեինք էլ, որ Թուրքիայում ապրող քույր ունի»,- ավելացրեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով թուրքական Medya73 կայքին, հայտնել էր, որ  Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ Քումքափը թաղամասին կից ծովափում վիճաբանել են: Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում դանակահարվել են հայր ու որդի Հարությունյանները: 36-ամյա Համբարձում Հարությունյանի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա որդին եւ եւս մեկ այլ հայ՝ Մարտին անունով, տեղափոխվել են հիվանդանոց: Մարտինը հայտնել է, թե երեք հոգի իրենց դանակահարել եւ հեռացել են: Նշենք, որ Համբարձում Հարությունյանը Թուրքիա էր մեկնել անցած տարվա սեպտեմբերին կնոջ, երեք անչափահաս երեխաների, մոր եւ քրոջ հետ: