Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանը, որը կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է եւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան, հերքում է մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե ինքը օրերս վիճաբանել է երրորդմասցի Լյովիկի հետ: NEWS.am-ի հետ զրույցում Արման Մադաթյանը հայտնեց, որ ինքն արդեն տեւական ժամանակ նույնիսկ Հայաստանում չի եղել:
«Խնդրում եմ, նման տեղեկատվություն տարածելուց առաջ նախ զրուցեք ինձ հետ: Իսկ հիմա առավել մանրամասն դեպքի մասին: Վիճաբանություն չի եղել ու ոչ էլ քաշքշուկ, ես կյանքում ոչ մեկի հետ դեռ չեմ վիճաբանել: Ինչ մնում է մարդ առեւանգելուն, ապա ասեմ, որ դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Ասեմ ավելին՝ անգամ նշված մարդկանց չեմ ճանաչում: Ցավ եմ ապրում այն փաստից, որ նշվում է, թե լուրը ճշտել են իմ մտերիմներին: Ինձ արդեն հետաքրքիր է, թե որ մտերիմս է խաղում հեղինակությանս հետ: Նաեւ տեղեկացնեմ, որ ինքս տեւական ժամանակ էլ Հայաստանում չեմ: Ընտանիքիս հետ արտերկրում ամառային հանգստի եմ մեկնել»,- ասաց Երեւանու ավագանու անդամը:
Նշենք, որ հուլիսի 9-ին «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր, որ հուլիսի 6-ին ծեծկռտուք է եղել Երրորդմասցի Լյովիկի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսայի՝ Արման Մադաթյանի միջեւ: «ՉԻ» տեղեկություններով՝ Արման Մադաթյանը եւ Երրորդմասցի Լյովիկը ժամանակին մտերիմ են եղել, սակայն տեւական ժամանակ է, ինչ նրանց հարաբերությունները լարված են:





























