Չնայած Սեւանում ձկնարդյունաբերության բոլոր ռիսկերին, այն գոնե կփրկի իշխան ձկնատեսակը որսագողությունից: Այդ մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողներին հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբանության եւ ջրապահպանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ մեկնաբանելով լճում ձկների արդյունաբերական բազմացման նախագիծը: Պատճառը, զուտ տնտեսական է. որքան շատ ձուկ լինի լճում, այնքան այն ավելի էժան կլինի: Հետեւապես որսագողությունը շահավետ չի լինի, իսկ սա ցանկացած արգելքից ավելի գործուն մեխանիզմ է:

Նրա խոսքով՝ եթե արհեստական լճակներում բազմացված իշխանն արժե 3-4 հազար դրամ, ապա լճինը՝ 50-100 հազար: Իր հազվագյուտության շնորհիվ այս ձկնատեսակը այն մեծ հեղինակություն է վայելում  «վերնախավային» սեղաններում: Եթե սկսվի արդյունաբերական մասշտաբների ձկնարտադրությունը, ապա այդ «էլիտարությունը» կանհետանա: «Այժմ որսագողերը տուգանվելու ռիսկի են դիմում, քանի որ գիտեն՝ 1-2 ձուկ որսալոով, նրանք 100-200 դոլար գումար կստանան: Իսկ եթե խոսքը 5-10 հազար դրամի մասին է, այլեւս ոչ ոք ապօրինի կերպով նավ չի նստի», - ավելացրեց Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել էր «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագիրը», որով նախատեսվում է առաջիկա 50 տարիներին Սեւանա լճում տեղադրվող ցանցավանդակային տնտեսություններում իրականացնել առնվազն 50 հազար տոննա Սեւանի իշխանի էկոլոգիապես կայուն արտադրություն: