Էլեկտրաէներգիայի թանկացման համար քաղաքացին չպետք է իր գրպանից վճարի միայն նրա համար, որ որոշ ընկերություններ թերացել են իրենց աշխատանքի մեջ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, էլեկտրաէներգայի թանկացման դեմ նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։
«Անթույլատրելի է էլեկտրաէներգիայի թանկացումը, մենք ասում ենք՝ ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը, ոչ բնակչության աղքատացմանը, ոչ սակագիների բարձրացմանը»,- ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորը։
Մհեր Շահգելդյանի խոսքով՝ իրենք կարող են այնպես անել, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան չթանկանա։
ՕԵԿ-ականներն անընդհատ նշում են, որ շոգ է, բայց դա իրենց չի խանգարել հավաքվել Ազատության հրապարակում եւ միասնաբար պայքարել թանկացումների դեմ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ չնայած այս հանրահավաքն ի սկզբանե պետք է լիներ կուսակցության հարթությունից դուրս, այնուամենայնիվ, Ազատության հրապարակում հավաքվել են միայն ու միայն ՕԵԿ-ականները։ Հարկ է նշել, որ հրապարակը բավականին դատարկ է։
Նշենք, որ օգոստոսի մեկին էլեկտրաէներգիան թանկանալու է տասը տոկոսով։




























