«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցներին աշխատավարձերի բոլոր պարտքերը վճարում են: Ընկերության մի քանի աշխատակիցներ NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ աշխատավարձերն ու վերջնահաշվարկը վճարում են «Հայբիզնեսբանկ»-ի երեք մասնաճյուղերում, որտեղ յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական հաշվեհամար է բացվել:
Ընկերությունը վճարել է վարչական աշխատողներին, դիսպետչերներին, ֆինանսիստներին, IT մասնագետներին, տնտեսական բաժնի աշխատակիցներին, ինքնաթիռի ուղեկցորդներին, ինչպես նաեւ օդաչուների մի մասին:
«Վճարումներն ամբողջությամբ կատարվեցին, պարտքեր չեն մնացել: Իհարկե՝ շատ ուրախ եմ»,- հայտարարեց ինքնաթիռի ուղեկցորդուհիներից Հասմիկ Ղեւոնդյանը:
Ընկերության աշխատակիցների խոսքով, մինչեւ 2013 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար, երբ «Արմավիա»-ն հայտարարեց սնանկացման գործընթաց սկսելու մասին, ընկերությունը բարեխղճորեն վճարել է: «Ավելի լավ է, քան «Հայկական ավիաուղիների» դեպքում»,- նկատեց աշխատակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ 2004 թվականին իրեն սնանկ հայտարարած «Հայկական ավիաուղիների» օդաչուներն արդեն մի քանի տարի հավաքվում են նախագահական նստավայրի առջեւ՝ պահանջելով մասնագիտական հիվանդությունների համար իրենց թոշակ վճարել:
Հավելենք նաեւ, որ 2013թ. ապրիլի 1-ից «Արմավիա»-ն դադարեցրեց չվերթները եւ սնանկության գործընթաց սկսեց: Մի քանի ամիս անց կառավարությունը «բաց երկնքի» եւ տեղական ու արտասահմանյան ավիաընկերությունների համար աշխատանքային հավասար պայմաններ ապահովելու քաղաքականություն որդեգրեց:




























