Այս տարի տնտեսական աճը շատ ավելի մեծ կլինի, քան նախատեսված է պետական բյուջեով, բայց թե որքան շատ կլինի, դժվար է ասել: Այս մասին այսօր` հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Հարցին, թե տարվա վերջին որքան կկազմի տնտեսական աճը, նա պատասխանեց, որ կանխատեսումները մոտ են լինում իրականությանը, երբ խոսքը գնում է կայուն վիճակի մասին, իսկ հիմա տնտեսությունը գտնվում է հետշոկային իրավիճակում եւ անգամ կանխատեսումներ անող միջազգային ֆինանսական կազմակերպությունները չեն կարողանում ճիշտ կանխատեսումներ անել եւ ստիպված են լինում անընդհատ վերանայել դրանք: Այդուհանդերձ, Գ. Մինասյանը համոզմունք հայտնեց, որ 2010-ի վերջին տնտեսական աճը կանխատեսված 1,2 տոկոսից անհամեմատ բարձր կլինի:

Ինչ վերաբերում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը, ապա այն, ըստ հանձնաժողովի նախագահի, նախատեսված ցուցանիշից ցածր է, ինչը ցույց է տալիս, թե որքան է ստվերը տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ 2008-ին այդ ցուցանիշը եղել է 17 տոկոս, այնինչ 2009-ին իջել է 16,4 տոկոսի: Որպես ստվերային տնտեսության դեմ պայքարի օրինակ, Գ. Մինասյանը նշեց, որ օրերս մաքսային ծառայությունում խոշոր մաքսանենգության դեպք է բացահայտվել, ըստ որի, տարիներ շարունակ միլիարդավոր դրամի գումարներ են շրջանցել բյուջեն: Նա հույս հայտնեց, որ այդ բացահայտումը վերջինը չի լինի: