Հայ-թուրքական սահմանի բացումը և երկու ժողովուրդների հարաբերությունների վերականգնումը կարող է վերացնել թուրք ժողովրդի ողջ պատմության ընթացքում Թուրքիայում ձևավորված կարծրատիպերն ու տաբուները։ Օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի փորձագետ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Հայ-թուրքական սահմանի բացումը լուրջ ազդեցություն կունենա թուրք հասարակայնության վրա, որը հենվում է կարծրատիպերի ու տաբուի վրա»,- հայտարարել է Մելքոնյանը։

Ըստ նրա, այնպիսի երկրում, ինչպիսին Թուրքիան է, որի հիմքը հիմնականում գաղափարախոսությունն է, սահմանի բացմամբ կարող է ծագել հասարակական ճգնաժամ և թուրքական հասարակությունը «ճեղքեր» կտա։

Փորձագետի կարծիքով, այս պահին Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունների շփումը շատ ավելի կարևոր է, քան երկու երկրների միջև միջկառավարական հարաբերությունների հաստատումը։

Մելքոնյանի կարծիքով, թուրքական հասարակությունում առկա է ճշմարտության ընկալման խնդիր, և այդ հարցում մեծ դեր են կատարում թուրքական լրատվամիջոցները. «Թուրքական ԶԼՄ-ներն՝ ի տարբերություն հայկականների, հիմնականում աջակցում են հայ-թուրքական խնդրի վերաբերյալ պետական դիրքորոշմանը»։

Նա նշել է նաև, որ թուրք հասարակության շատ փոքր շերտն է պատրաստ ներկայումս Հայաստանի բնակչության հետ անմիջական շփման։ Այդ կապակցությամբ Հայաստանում, ըստ նրա, իրավիճակը բացարձակապես այլ է. «Հայ հասարակությունը այդ հարցին վերաբերվում է առավել մեղմ ու մակերեսայնորեն, հայերն անզգույշ մոտեցում են ցուցաբերում հայ-թուրքական մերձեցման հեռանկարին», նշել է փորձագետը։