Գազի սակագնի հետ կապված դատական հայցը, որը վարչական դատարան է ներկայացվել  Հայ Ազգային կոնգրեսի կողմից, դեռեւս քննարկման փուլում է եւ առայժմ հայտնի չէ, թե այն ի՞նչ ելք կունենա։ Վարչական դատարանը ապրիլի 13-ի իր որոշմամբ, վարույթ է ընդունել ՀԱԿ-ի նախաձեռնությամբ ներկայացված հայցի հիմնական՝ էական մասը, որով հայցվորները պահանջում են անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» որոշումը։ Սակայն դատարանը մերժել է որպես հայցի ապահովման միջոց՝ գործող սակագնի գործողությունն արգելելու եւ բանավոր ընթացակարգով գործը քննելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունները։ Վարչական դատարանի որոշումը ՀԱԿ-ը մոտ մեկ ամիս առաջ բողոքարկել է Վճռաբեկ դատարանում, սակայն դատարանը այս պահի դրությամբ որեւէ որոշում չի կայացրել՝ բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ։

«Պնդում եմ, որ այս գործով դատական նիստը պետք է պարտադիր տեղի ունենա բանավոր ընթացակարգով։ Սա նախատեսված է նաեւ օրենքով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով փաստաբան Վահե Հովսեփյանը։ Նա նշեց, թե ակնկալում էր, որ այս գործով Վճռաբեկ դատարանը օպերատիվ որոշում կկայացներ, քանի որ վարչական դատարանը   սահմանափակված է քառամսյա ժամկետով ու մինչեւ օգոստոս պետք է այս  գործով դատական ակտ կայացնի։ Հարցին՝ Վճռաբեկ դատարանը միտումնավո՞ր է որոշումը ձգձգում, թե՞ օբյեկտիվ պատճառներ կան, փաստաբանն արձագանքեց. «Միգուցե ծանրաբեռնվածությունն է պատճառը։ Այլ՝ քաղաքական պատճառ չեմ ուզում տեսնել։ Բայց կոնկրետ այս գործով վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն, որ վարչական դատարանը  ժամանակով կաշկանդված է, դրա համար պետք է օպերատիվ մոտենար խնդրին, ինչը չի անում»։    

Հիշեցնենք, որ գազի սակագնի վիճարկմանը միացել է 7230 քաղաքացի, ովքեր հանդես են գալիս որպես գործով համահայցվոր։ Նրանք բողոքում գազի մեկ խմ-ի գինը 96-ից 132 դրամ դարձնելու դեմ: