ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շնորհիվ Հայաստանը նվազագույն կորուստներով դուրս կգա ստեղծված վիճակից:
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Շինարարի մասնագիտական տոնին նվիրված հանդիսության ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե «շինարարական ոլորտը, այդ թվում նաեւ պետական հատվածում իրականացվող, Հայաստանի ՀՆԱ — ում ապահովում է թե° զգալի տեսակարար կշիռ, թե° բյուջեի հարկային մուտքերի զգալի ծավալ»:
Վարչապետը նաեւ նշել է, թե նախորդ տարին հանրապետության շինարարության ոլորտը փակեց բավականաչափ շոշափելի արդյունքներով: «Դուք գիտեք, որ այս տարի եւս մենք մեծ ծրագրեր ունեինք, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց մի փոքր վերանայել մեր ծրագրերը, որոշ աշխատանքներ տեղափոխել տարվա վերջ: Ես համոզված եմ, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շնորհիվ մենք նվազագույն կորուստներով դուրս կգանք ստեղծված վիճակից», ասել է վարչապետը:
Ի դեպ, նշենք, որ արտերկրից ստացված դրամական վարկերի մի զգալի մասը կառավարույթունը տրամադրել է շինարարության ոլորտում գործունեության ծավալող ընկերություններին, ինչը, անկախ փորձագետների կարծիքով, ոչ թե նպաստում է ճգնաժամից դուրս գալուն, այլ ավելի է խորացնում ճգնաժամը: ըստ նույն այդ փորձագետների՝ շատ ավելի ճիշտ կլիներ գումարներն ուղղել արտադրության եւ գյուղատնտեսության ոլորտ, քան շինարարության, քանի որ Հայաստանի քաղաքացիներից քչերը կարող են իրենց թույլ տալ գնել էլիտար տները, եւ գումարները ուղղակի փոշիանալու են:



























