Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են հայաստանյան բենզինի շուկայի խնդիրները:

Հանձնաժողովը բենզինի իրացման շուկայում դեռ հունիսին վարույթ էր հարուցել, որի համար հիմք էր հանդիսացել «CPS» ապրանքանշանով բենզալցակայաններում (պատկանում են շուկայում տվյալ ժամանակատվածում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությանը) բենզինի մարածախ գների բարձրացման փաստը: «Քաղ Պետրոլ Սերվիսը» մինչ այդ հանձնաժողովին գրությամբ տեղեկացրել էր, որ այլեւս բենզինի իրացմամբ չի զբաղվում, եւ շուկայում սկսել է գործել նոր` «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որի եւ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության սեփականատերը նույն անձն է: Վարույթի արդյունքում պարզվել է, որ բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղ Պետրոլ Սերվիսը» 2009 թ. առաջին կիսամյակում մանրածախ իրացում չի իրականացրել, իսկ մեծածախ իրացման գները չեն փոփոխվել (պետական գնումների մատակարարումն էլ մեծածախ իրացմամբ է ապահովել):

Իսկ շուկայում հայտնված «Սիթի Պետրոլ Գրուպը» գերիշխողների ռեեստրում գրանցված չէ: 2009 թ. հունիսի 15-ին այս ընկերության մոտ բարձրացել են բենզինի մանրածախ իրացման գները, ինչի արդյունքում ավելացել է ընկերության շահույթը:

Այնուամենայնիվ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքում օրենքի խախտման բավարար հիմքեր չի հայտնաբերվել: