Գյումրիի պետական Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանը խոստովանական ցուցմունք չի տվել. ներկայանալով ոստիկանություն՝ վերջինս հայտնել է որոշակի տեղեկություններ իրենց փոխհարաբերությունների մասին: Այս մասին NEWS.am-ին ասաց Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Նախաքննություն է ընթանում. կասեմ միայն, որ տուժողը տեւական ժամանակ փորձել է սիրահատել Արման Կատունյանի կնոջը՝ արժանանալով ամուսինների դիմադրությանը, բազմաթիվ անգամ Հարություն Գրիգորյանին բացատրել են, որ հեռու մնա իմ պաշտպանյալի կնոջից»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ Արման Կատունյանը ձերբակալված է, նրան դեռ մեղադրանք առաջադրված չէ:

Նշենք, որ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանը ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն է: Եվ Շիրակի ոստիկանապետը, եւ մարզպետը NEWS.am-ին ավելի վաղ հայտնել էին, որ կատարված սպանությունը ոչ մի կապ չունեն Արման Կատունյանի աշխատանքի, պաշտոնի հետ, եղել է «խանդի հողի վրա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։