Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարի մասնագիտական տոնին նվիրված հանդիսությանը: ՀՀ վարչապետը շնորհավորել է հանրապետության բոլոր շինարարներին ու ճարտարապետներին: «Շինարարը վայելում է մեր ժողովրդի հատուկ հարգանքը, եւ դա պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի կենսագրության մեջ շինարարներն ունեն իրենց ուրույն եւ անփոխարինելի տեղը: Ազգային պատկանելության բազմաթիվ հանգամանքներ պայմանավորված են հենց ձեր մասնագիտությամբ: Շինարարներն անցել են մեծ ճանապարհ, համոզված եմ, որ նրանք դեռ ասելիք ունեն աշխարհին»,- ասել է վարչապետը եւ համոզմունք է հայտնել, որ հաղթահարվելու են ներկայիս բոլոր դժվարությունները, եւ մենք դեռ հպարտանալու ենք շինարարների կատարած աշխատանքով:

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին քաղաքաշինության ոլորտը լուրջ զարգացում է ապրել: Եվ չնայած ներկայիս ժամանակավոր խնդիրներին` շարունակելու է առաջ ընթանալ` պահպանելով դարավոր ավանդույթները: Նախարարը կարեւորել է կառավարության կողմից շինոլորտում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները` մասնավորապես կառուցապատողներին վարկային երաշխիքների տրամադրման, հարկային արտոնությունների սահմանման առումով:

Քաղաքաշինության ոլորտում ունեցած ավանդի եւ ակտիվ մասնակցության համար մի շարք շինարարներ եւ նախագծողներ խրախուսվել են վարչապետի շնորհակալագրերով: