Միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբն ու բոլոր միջնորդները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի նկատմամբ պատերազմական գործողությունների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցությամն մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական դիվերսիոն գործողությունները չեն բխում բանակցությունների տրամաբանությունից եւ մտադիր են խաղաղ բանակցությունները փակուղի տանել: «Սակայն բոլորն են գիտակցում, որ այն կողմը, այս դեպքում ադրբեջանականը, որը դիվերսիոն գործողությունների է դիմում, ավելի շատ է կորցնում ինչպես քաղաքական ու դիվանագիտական, այնպես էլ ռազմական հարթություններում»,- նշել է Շարմազանովը: Նա իր խորին ցավակցություններն են հայտնել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին: «Եթե ադրբեջանցիների համար, ինչպես ժամանակին Հիտլերի համար, իրենց զինծառայողների կյանքն արժեք չունի, մեզ համար ամենից թանկը մեր զինծառայողի կյանքն է: Հետեւելով ադրբեջանական լրատվամիոցներին՝ կարող ենք ասել, որ այդ մարդիկ նույնիսկ երեւակայելու հարցում են յուրահատուկ. ինքս մասնագետ չեմ, սակայն բոլորին հայտնի, որ ավելի շատ կորուստներ ունենում է հարձակվող կողմը: Նրանց տեղեկությունների համաձայն՝ հարձակվել ենք մենք, ինչպե՞ս է ստացվում, որ մենք 2 զոհ ունենք, իրենք՝ 14 կամ 8»,- ընդգծել է նա: Միաժամանակ Շարմազանովը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն արդեն բազմիցս ապացուցել են, որ կարող են արժանի հակահարված հասցնել ադրբեջանական կողմին: «Մեր հերոս զինծառայողներն ապացուցում են, որ պատրաստ են հստակ պատասխան տալ ադրբեջանական ցանկացած դիվերսիայի»,- արձանագրել է խորհրդարանի փոխխոսնակը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հուլիսի 31-ին հաղորդագրություն տարածեց ադրբեջանական հարձակման փորձի մասին: Երկու հայ զինվոր զոհվել էր: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր հակառակորդի զգալի թվով զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցներն օգոստոսի 1-ին հաղորդագրություն էին տարածել իրենց կողմից ավելի քան 10 զոհի մասին:





























