Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին»  նախաձեռնության անդամները այսօր՝ օգոստոսի 1-ին, վառվող մոմերով քայլեցին դեպի Կառավարության շենքը եւ իշխանություններին մինչեւ սեպտեմբեր ամսի առաջին շաբաթը ժամանակ տվեցին, որպեսզի կատարեն իրենց պահանջները:

«Սրանից նրանից թռցնող պուճուր-մուճուր չինովնիկներ ջան, կամ մի կերպ կատարեք մեր պահանջները, կամ մի կերպ լքեք էս երկիրը, որ մենք մի կերպ ապրենք»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը:

Երթի մասնակիցները Կառավարության շենքի մոտ վանկարկեցին՝ «Ամոթ, ամոթ», ձեռքի բութ մատը ներքեւ պարզեցին, սուլեցին՝ իրենց բողոքը  հայտնելով օգոստոսի 1-ից  էլեկտրաէներգիան 4 դրամով թանկացնելու որոշման դեմ:

«Մենք եկել ենք այս կրծողներին իրենց մոլախոտներով բացատրենք, որ մենք մի կերպ չենք մուծելու ոչինչ։ Որոշողը պետք է մենք լինենք, ոչ թե առնետները, որ բազմել են այս շենքում: Մենք մինչեւ սեպտեմբեր նորից ակցիաներ կկազմակերպենք եւ սեպտեմբերին կգնահատենք ձեր աշխատանքը, կտեսնենք որքանով եք կատարել մեր պահանջները»,-հայտարարեց երթի նախաձեռնողներից Վարդան Հարությունյանը:

Նշենք, որ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նախօրեին Կառավարության առջեւ ծեր կնոջ հարցադրմանը, թե ինչպես պետք է իր նման թոշակառուները վճարեն օգոստոսի 1-ից թանկացող էլեկտրաէներգիայի համար, պատասխանել էր. «Մի կերպ»:

Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ կավարտվի երթը:

 «Լուսավորենք խավարը» խորագրով  միաժամանակյա երթեր են անցկացվում Կապանում, Գավառում, Շիրակի մարզում:

Նշենք, որ նախաձեռնությունը պահանջում է կառավարությունից, որ ստեղծեն անկախ հանձնաժողով ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար եւ մինչեւ հանձնաժողովի աշխատանքների ավարտը անփոփոխ թողնեն էլեկտրաէներգիայի սակագինը:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ որոշմամբ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան ՀՀ սպառողների համար թանկացել է 4 դրամով: