ՌԴ ԱԳ նախարարությունն անթույլատրելի է համարում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի հետագա սրումը: РИА «Новости»-ի փոխանցմամբ, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում:
«ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրումը, որը մարդկային զգալի կորուստների է հանգեցրել, գնահատում է որպես հրադադարի մասին պայմանավորվածության լուրջ խախտում»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ-ն խորը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ վերջին օրերի իրադարձությունները դիտարկում է որպես հրադադարի մասին պայմանավորվածությունների եւ հակամարտության կարգավորմանը քաղաքական միջոցներով հասնելու՝ հայտարարված մտադրությունների լուրջ խախտում:
«Ելնում ենք նրանից, որ հետագա լարվածությունն անթույլատրելի է: Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից եւ անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանությունում:





























