Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում հուլիսի 30-ին հակառակորդի գնդակից ուսի հատվածում վիրավորում ստացած Վալերի Ճաղարյանը դեռ գտնվում է Բերդի զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ին ասաց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը:
«Վալերին լավ է, արդեն հանգիստ է, դեպքի հաջորդ օրը գնացել եմ մոտը, ոչ մի վտանգավոր բան չկա, շոկի մեջ էլ չէ: Լավ է պրծել, հիմա էլ դուրս գրման ենթակա է, բայց մնում է, որ վիրակապերն անընդհատ փոխեն»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ դեպքի օրը վիրավորված տղամարդն անասուններին անտառ էր տարել, երբ հանդիպել է ադրբեջանցու. «Անտառում փայտ է հավաքել, հետո առաջ է գնացել, որ անասուններին գտնի, շունը հաչացել է, ինքն առաջ է գնացել ու խշշոց է լսել, մեկ էլ ադրբեջանցին դուրս է եկել, զենքը պահել վրան: Վալերին արագ կողմնորոշվել է եւ դիմել փախուստի ու էդ ժամանակ էլ ադրբեջանցին կրակել է, բայց ինքն արդեն մի 6-7 մետր վազել էր հեռու»:
Վալերի Ճաղարյանն ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա:
Նշենք, որ վերջին օրերի հակառակորդը ակտիվացրել է հայկական գյուղերի գնդակոծումը, հատկապես այգիների ու արոտավայրերի ուղղությամբ։





























