Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանին դեռ չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Սպասում ենք, թե երբ կտեղափոխեն, ամեն դեպքում կալանավայրում կարծում եմ՝ նույնպես նա հսկողության տակ է»,- ասաց նա:

Նշենք, որ Դավիթի մոտ ողնաշարի կիստա են ախտորոշել եւ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելուց հետո, ամենայն հավանականությամբ, կվիրահատեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Դավիթ Խաչատրյանը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, որից 13-ը Լյուքս Ստեփանյանի սպանության համար է, 4-ն էլ՝ նրա մյուս ծառայակից Հրաչյա Սարգսյանին հասցրած հրազենային ծանր վնասվածքի համար։ Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։