Ազատության հրապարակում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով կալանավորված Վարդան Վարդանյանը կարծում է, որ նոյեմբերի 5-ին  իրենց թալանել են, յուրացրել են իրենց իրերը:

«Հարգելի դատավոր ես ուզում եմ ասել, որ այդ օրը մեր լիքը ապրանքներ կորել են, մեր ապրանքները յուրացվել են ոստիկանների կողմից, Շահենի տեսախցիկը ու էլի իրեր»,-այսօր՝ օգոստոսի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալը՝ առաջարկելով իր ընկերներին, որ դիմում գրեն եւ հայտնեն, թե իրենց որ իրն է կորել, որպեսզի քննություն կատարվի:

Այս հայտարարությանն իր պատասխան Շանթ Հարությունյանն ասաց՝ «Ճիշտ ա տղերք, կարող ա շահագրգռությունն էդ ա եղել, բռնեն, հետո թալանեն»:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը  ամբաստանյալներին առաջարկեց կորած իրերի վերաբերյալ դիմում գրել կամ նախագահող դատավորին, կան ոստիկանությանը.«Կարող եք հարցում ուղարկել քննիչին պարզելու համար, թե որ մասն է իրենց մոտ գտնվում եւ որ մասի ուղղությամբ պետք է քննություն կատարվի»:

Նշենք, որ այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատաքննությունը, դատարանին են ներկայանում նախաքննության մարմնի կողմից վկա ճանաչված ոստիկանները:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: