Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումը չի վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով՝ գործը հազիվ թե հասնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: «Մենք մտահոգված ենք իրավիճակով, քանի որ հարցերը չի կարելի լոծել ռազմական եղանակով: Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս արագ հաստատվի հրադադարի ռեժիմ, իսկ կողմերը բանակցություններ վարեն», -նշել է դեսպանը՝ հավելելով, որ հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով:
Հիշեցնենք, վերջին օրերին իրավիճակը սրացել է ղարաբաղյան-ադրբեջանական շփման գծում. Ադրբեջանական կողմը հայկական կողմի հենակետերի վրա հարձակման քայլեր է ձեռնարկել եւ գնդակոծել սահմանամերձ գյուղերը:





























