Հայ ժողովուրդը պետք է հավաքվի, հաշվեհամար բացի, գումար հավաքի եւ չինական պատ կառուցի հայ-ադրբեջանական սահմանի միջեւ, որպեսզի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հանգիստ ապրեն: NEWS.am-ի հետ զրույցում սահմանին լարվածության մասին նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Աղաբաբյանը:

«Չինական պատի նման հայկական պատ պետք է կառուցել, մոտավորապես 750-800 կմ երկարությամբ, կառուցենք, վերջացնենք, որ փամփուշտն այստեղ չհասնի»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ սահմանին կանգնող զինվորին հոգեպես օգնում է հայրենիքի շունչը, իսկ նյութապես բանակն այսօր որեւէ խնդիր չունի: Ինչ վերաբերվում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը հոգեպես եւ նյութապես օգնելուն՝ պատգամավորն «ճիշտն ասած այդ մասին երբեք չի մտածել». «Եթե ռմբակոծում են, պետք է նյութական աջակցություն ցույց տալ: Դրա համար կան հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ: Թող որոշեն, ես անպայման կմասնակցեմ»:

NEWS.am-ի հարցին՝ արդյոք այս լարվածությունը պատերազմի նման է, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Ռուսը լավ խոսք ունի՝ ուզում ես խաղալ ապրել, պատրաստվիր պատերազմի: Մենք մեր տարածքներով, բնակչությամբ շատ քիչ ենք, պուճուր երկիր, քիչ ժողովուրդ: Բնականաբար, այսօր մեր խնդիրն է երեխաներին մեծացնել այն լոզունգով, որ եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատերազմի պատրաստ լինենք: Բացի դրանից՝ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է լավ լինի եւ պետք է ավելի լավացնել. այստեղ ոչ գերմանական, ոչ ամերիկյան, ոչ էլ որեւէ մեկի նավերը չեն կարող գալ: Ռուս զինվորն է մեր բարեկամը, բայց ես դրա վրա հույս չեմ դնում, ես իմ հույսը դնում եմ մեզ վրա միայն: Չեմ կարծում, որ փորքիկ ընդհարումներից կարող է մեծ պատերազմ սկսել, այնուամենայնիվ շատ եմ ցավում մեր զոհված զինվորների համար. ինձ թվում է, որ իմ զավակն է զոհվել, այ այդքան ցավ եմ ապրում»:

Նշենք, որ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն ինտենսիվությամբ գնդակոծվում են: