Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի սերժան Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գրառումը, այսօր հոսպիտալում մահացել է օգոստոսի 2-ի դիվերսիայի հետեւանքով վիրավորված կ-ստ Սարգիս Բարմենի Մովսիսյանը, ծնված 1994թ.:

Նշենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 7 զոհ  եւ 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ եւ 4 վիրավոր:

Վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել էին մարմնական վնասվածքներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը: