Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով օգոստոսի 2-ին վիրավորում ստացած, այնուհետեւ ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանը ստացել էր բազմաթիվ հրազենային վնասվածքներ։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, զինվորը ստացել էր վնասվածքներ կրծքավանդակի, թոքերի, երիկամի, ողնաշարի շրջանում։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Սարգիս Մովսիսյանը զորակոչվել էր Արմավիրի զինկոմիսարիատից։ Նրա դին արդեն տեղափոխել են Արմավիր։
Նշենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 7 զոհ եւ 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ եւ 4 վիրավոր: Օգոստոսի 2-ի երեկոյան ադրբեջանցիները դիվերսիա էին արել Ասկերանի ուղղությամբ եւ ետ շպրտվել՝ տալով մեկ զոհ:
Վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել էին մարմնական վնասվածքներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը:





























