1994թ.-ի մայիսի 12-ից առայսօր կան կրակոցները, համեմատաբար վերջին շրջանում լարվածությունը բարձրացել է, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում Մարտակերտի շրջանում ապրող ժողովրդի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա. վտանգավոր ոչինչ չկա, հայ զինվորը տիրապետում է իրավիճակին: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, որը օգոստոսի 3-ին մի խումբ ազատամարտիկների հետ մեկնել էր դիրքեր:

«Հայ զինվորները քաջ գիտակցում են իրենց պարտականությունները եւ գիտեն, որ հայրենիքի սահմանը սկսում է հենց այդ խրամատից, վտանգավոր ոչինչ չկա: Ինչ վերաբերվում է կամավորների՝ սահման մեկնելուն, ասեմ, որ ԼՂՀ-ում կա ազատամարտիկների միություն, որի կանոնադրության կարեւոր կետերից մեկը հաճախակի այցելություններն են դիրքեր, հանդիպումներ զինվորների հետ: Այս անգամ հանընկավ այս այցելությունը սահմանի լարվածության հետ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ազատամտրտիկներն իրենք են ցանկություն հայտնել մեկնել մարտական դիրքեր, նրանց ուղեկցել է նաեւ վարչակազմի ղեկավարը:

«Բա ի՞նչ անեի՝ չգնայի, ո՞նց կարող էի չգնալ: 7 տարի ծառայել եմ պաշտպանության բանակին, հասել եմ գեներալի աստիճանի, ու էդքանից հետո ո՞նց չմեկնեի»,- ավելացրեց Վլադիկ Խաչատրյանը:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել շփման գծում, սակայն ետ են շպրտվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am