Թուրքիայի իշխանությունների եւ ԱՄՆ ղեկավարության միջեւ ճգնաժամի մասին է գրել թուրքական OdaTV կայքը՝ վկայակոչելով մի դեպք, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է նախագահ Աբդուլլահ Գյուլին զանգահարել ԱՄՆ նախագահին, սակայն մերժում է ստացել։

Թուրքական կայքը նշել է, որ վարչապետ Էրդողան անձամբ է մի հաղորդման ժամանակ խոստովանել, որ վերջին շրջանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվում է իր հետ խոսել եւ ԱՄՆ-ի հետ հարցերը քննարկվում են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։

Էրդողանը նաեւ պատմել է, որ մի անգամ կարիք է եղել խոսել Օբամայի հետ։ «Պարոն Աբդոււլահ Գյուլին ասացի, որ մեկ անգամ էլ դուք զանգահարեք պարոն Օբամային եւ այդ խնդիրը անձամբ քննարկեք նրա հետ»,-ասել է Էրդողանը։

Սակայն Անկարայում եւ ԱՄՆ-ում դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Աբդուլլահ Գյուլը չի զանգահարել Բարաք Օբամային։

Թուրքական Cumhuriyet պարբերականի լրագրող Ութքու Չաքըրօզերը գրել է, թե Գյուլը մերժել է Էրդողանին մի քանի պատճառով՝ նա չի ցանկացել լսել Եգիպտոսի, Պաղեստինի եւ Իրաքի հարցերում Օբամայի անհանգստությունը Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ, Գյուլն անհանգստացել է, որ իր զանգն Օբամային Էրդողանը կօգտագործի որպես նախընտրական գործիք։

Նշվում է, որ Օբաման սկսեց սառեցնել հարաբերությունները Էրդողանի հետ, երբ Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառվեց։