Ուկրաինայի իշխանությունները ծրագրում են առաջիկայում արգելել ռուսական մշակույթի այն 500 գործիչների մուտքը երկիր, ովքեր սատարել են Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

«Ներկայում մենք մեր կողմից Ուկրաինա ռուսական շուրջ 500 գործիչների մուտքն արգելող ցուցակ ենք կազմում, ովքեր հավանության են արժանացնել Ղրիմի բռնակցումը եւ Ուկրաինայի մասնատումը: Եվ ես ճիշտ եմ համարում նրանց թույլ չտալ՝ Ուկրաինայում համերգների եւ ելույթների շնորհիվ գումար վաստակել: Թող մեկնեն Ղրիմ՝ դատարկ լողափերին ճայերի համար համերգ տան»,- Facebook-ի իր էջում գրել է Գերաշչենկոն:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, արգելքի մասին տեղեկատվության պատճառն Օդեսայում ուկրաինական երգչուհի Անի Լորակի համերգից առաջ գրանցված միջադեպն է: Աջ ծայրահեղական խմբավորումների շուրջ 70 ներկայացուցիչներ ակցիա են անցկացրել՝ երգչուհուն մեղադրելով ռուսական հանդիսատեսի հանդեպ չափազանց նվիրվածության համար:

Ավելի վաղ «պուտինամետ հայտարարությունների» եւ «Ղրիմի բռնակցումը» սատարելու համար տուժել էին երգիչներ Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնն ու Վալերիան, ում թույլ չէին տվել Յուրմալայում մասնակցել «Նոր ալիք» փառատոնին: