Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված նախկին տուգանքները կարող են վերանայվել: Այս մասին օգոստոսի 4-ին կայացած ասուլիսում հայտարարեց վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մինչեւ հուլիսի 26-ը հին դրույքաչափով տուգանված վարորդները կարող են դիմել «Աքիլլես»-ին՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Ըստ Հովհաննիսյանի, վարորդներն արդեն սկսել են դիմել իրենց այդ խնդրով, իսկ առաջիկա օրերին կազմակերպությունն իր կայքում կտեղադրի տուգանքի վերանայման մասին դիմումի ձեւաթուղթը: «Մենք կփորձենք ընթացք տալ այդ դիմումներին»,- հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից ուժ մեջ են մտել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի՝ վարորդների համար սահմանված տուգանքների մասով փոփոխությունները:
Այսպես, լուսակիրի մոտ կանգ առի գծից անցնելը տուգանվելու է 5.000 դրամով՝ նախկին 10.000-ի փոխարեն: Մյուս կողմից, ղեկին հեռախոսով խոսելու համար սահմանվել է 5.000 դրամ տուգանք՝ նախկին 3.000-ի փոխարեն: Արգելված վայրում կայանված մեքենայի տարհանման համար նախկինում սահմանված 40.000-ի փոխարեն հիմա տուգանք է սահմանված 20.000 դրամի չափով: Մայթեզրի մոտ թեքությամբ կայանված մեքենան (եթե համապատասխան նշաններ չկան) տուգանքը նույնպես նվազել է. 5.000 դրամ՝ նախկին 10.000-ի փոխարեն: Հետիոտնի անցումում ավտոմեքենայի կայանման տուգանքն էլ 20.000-ից իջեցվել է 15.000 դրամի: Իսկ հասարակական տրանսպորտում եւ տաքսիում ծխելու համար տուգանքը 5.000 դրամից ավելացել է մինչեւ 20.000 դրամի:





























