Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի համար լավ կլինի լքել Եվրամիությունը, եթե Դեւիդ Քեմերոնն այնպես էլ չկարողանա բարեփոխումների անցկացման վերաբերյալ համաձայնության հասնել: Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով The Telegraph-ին:

Քաղաքապետի կազմած զեկույցում ասվում է, որ Եվրամիությունից դուրս գալու պարագայում Մեծ Բրիտանիայի տնտեսական կորուստներն աղետալի չեն լինի: Ամեն դեպքում, ըստ Ջոնսոնի, դրանք նույնիսկ ավելի պակաս կլինեն, եթե Եվրամիությունում երկրի կարգավիճակը չվերանայվի:

Քաղաքապետը ծրագրում է ԵՄ բարեփոխումների վերաբերյալ 8 կետից բաղկացած ծրագիր ներկայացնել, որում նշվելու է, թե հատկապես ինչպես պետք է Մեծ Բրիտանիան վերանայի Եվրամիությունում իր տեղը:

Դեւիդ Քեմերոնի խոսքով, եթե Պահպանողական կուսակցությունը հաղթի 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, ապա 2017-ին հանրաքվե կանցկացվի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիտանիայի բնակչության 48%-ը ցանկանում է, որ երկիրը դուրս գա Եվրամիությունից: