Սոչիում, օգոստոսի 9-ին, Սարգսյան Ալիեւ հանդիպմանը ՀՀ իշխանությունները կամ համաձայնելու են ինչ-որ բան զիջել, կամ պատերազմի բոթով Սերժ Սարգսյանը գալու է Հայաստան: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ գոյություն չունի ադրբեջանական քաղաքականություն, գոյություն ունի ադրբեջանական հիստերիա, եւ Հայաստանն օգտվելով առիթից պետք է բարձրաձայնի, որ նման հիստերիկ հայտարարություններով հանդես եկողները լուրջ մարդիկ չեն:
«Աշխարհն ամեն տեղ գործակալներ ունի, նրանք գիտեն՝ ինչ է կատարվում, ով նախահարձակ եղավ, ով չեղավ: Մենք լուռ ու մունջ կանգնել ենք: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունների այդ պահվածքը, որը շատ վտանգավոր է, տանում է նրան, որ մերոնք չեն ուզում պատերազմել: Եթե նրանք վախենում են, թող այս ասպարեզից դուրս գան: Այն ժամանակն է եկել, որ մենք պետք է բաժանենք մարդկանց՝ ըստ իրենց հնարավորությունների, որ մենք կարողանանք դիմակայել այս փորձությանը: Մենք պարտավոր ենք այս պատերազմում հաղթել»,-հայտարարեց Մանվել Եղիազարյանը:
Անդրադառնալով սահմանային միջադեպերին, նա կարծիք հայտնեց, որ այդ ընդհարումները որոշակի առումով դաս են Ալիեւի համար: «Եթե մի 2-3 հատ այսպիսի ընդհարումներ լինեն, Ալիեւն ահագին բան կհասկանա: Այս դեպքերը մեր օգուտն են: Ճիշտ է, մեր երեխաներն են զոհվում, բայց դա ահագին խրատ է տալիս Ալիեւին»:





























