Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի 2 քաղաքացու, ովքեր փորձել են երկիր փոխադրել ռադիոակտիվ ցեզիում-137 նյութով գործարանային կոնտեյներ: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ կասկածյալները երկու տղամարդ են՝ 1965 եւ 1966 թվականներին ծնված: Նրանք ձերբակալվել են Հայաստանի հետ Վրաստանի սահմանային «Սադախլո» հսկիչ անցակետում իրականացված հատուկ գործողության արդյունքում: Թե որքան ցեզիում են փոխադրել տղամարդիկ, չի հստակեցվում:
Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ՝ 214 («Մաքսային կանոնների խախտում») եւ 230 («Միջուկային նյութի կամ սարքի, ռադիոակտիվ մնացորդների, ռադիոակտիվ նյութերի հետ ապօրինի վերաբերմունք») հոդվածների հատկանիշներով:
Ցեզիում-137-ը ռադիոակտիվ նյութ է, որն օգտագործվում է արդյունաբերությունում եւ բժշկությունում: Բայց այն կարելի է կիրառել նաեւ, այսպես կոչված, կեղտոտ ռումբերի արտադրության մեջ, որոնք տեղանքի բարձր ռադիոակտիվ աղտոտում են առաջացնում:





























