Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) լայնածավալ վարժանքներ է սկսել: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում կատարելով ՌԴ ՌՕՈՒ ներկայացուցիչ Իգոր Կլիմովին: Միջոցառմանը մասնակցում է ՌԴ Արեւմտյան եւ Կենտրոնական ռազմական շրջանների Ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ղեկավարությունը:

Կլիմովի խոսքով, նման լայնածավալ վարժանքներ առաջին անգամ են անցկացվում: Թռիչք են կատարելու ավելի քան 100 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, այդ թվում՝ Սու-27, ՄիԳ-31 կործանիչներ, Սու-34 բազմաֆունկցիոնալ համալիրներ, Սու-24 ճակատային ռմբարկուներ, Մի-8, Մի-24 եւ Մի-28Ն ուղղաթիռներ:

Ուսումնավարժանքներն անցկացվելու են երկու փուլով: Առաջինի ընթացքում ավիացիան Արեւմտյան ռազմական շրջանի հենակետերի հյուսիսային օդանավակայաններից կփոխադրվի Կենտրոնական ռազմական շրջանի օդանավակայաններ: Երկրորդ փուլում ավիացիայի ռազմական կիրառությունն իրականացվելու է հարավային ուղղության օպերատիվ օդանավակայաններից. Արմավիր, Կրիմսկ, Մոզդոկ, Մորոզովսկ: Վարժանքների ընթացքում զենիթային հրթիռներ են արձակվելու ինչպես էլեկտրոնային, այնպես էլ իրական տարբերակով: