Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի փոխնախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում եւ տեւել է մոտ երկու ժամ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»  խմբակցությունների ներկայացուցիչները`  Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին եւ վստահեցրել, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:

ՀՀ ԱԺ փոխնախագահները եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտել իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաեւ կարեւորել հասարակության եւ քաղաքական բոլոր ուժերի կողմից հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը: