Թեեւ օգոստոսի 3-ին եւ այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում եղել է լարված, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8500 կրակոց:
ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-ասված է հայտարարությունում:





























